Սեբաստացու օրերին ընդառաջ

— Բարև՛։ Ես Նուշիկ Սմբատյանն եմ՝ երեք հրաշք սեբաստացիների մայրիկ ու երջանիկ եմ, որ սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։

— Բարև՛։ Ես Նուշիկ Սմբատյանն եմ, սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում՝ որպես միջին դպրոցի 7-րդ դասարանի սովորող Տարոն Անտոնյանի, Արևմտյան դպրոց-պարտեզի 1-ին դասարանի սովորող Նռանե Անտոնյանի և իհարկե Արևմտյան դպրոցի նախակրթարանի սան Արեն Անտոնյանի ծնող։ Այո՛, շատ ճիշտ ընթերցեցիք, սովորում եմ որպես եռակի ծնող, մայրիկ, ընկեր, օգնական, երբեմն՝ նաև որպես տիկնիկագործ, օպերատոր, դերասան, բեմադրիչ և  այլն։ Իսկ ի՞նչ է, կարծում եք սեբաստացի լինելը այդքան հե՞շտ գործ է, բնավ՝ ոչ՛։ Հիմա պատմեմ՝ ինչու և ինչպես դարձանք սեբաստացի։ Պատրաստվե՛ք, երկար եմ գրելու։

Ամեն ինչ սկսվեց 6 տարի առաջ՝ 2013 թ․-ին, երբ ավագ որդուս համար դպրոց էինք փնտրում և վերջապես գտանք մեր երազանքների դասվարին՝ Կարինե Բաբուջյանին ու առաջին անգամ հաճախեցինք ամենաստեղծական ու գունեղ միջավայրն ունեցող մեր սիրելի Հյուսիսային դպրոց-պարտեզ։ Հիշում եմ, որ արդեն առաջին ընդհանուր պարապմունքից անդառնալիորեն և ընդմիշտ սիրահարվեցի Կրթահամալիրին։ Ո՞վ կմտածեր, որ դպրոցում առաջին օրը սկսվելու էր Կոմիտասով, ազգագրական շուրջպարով, բացօթյա նախավարժանքով ու անմիջական  ու հոգատոր մանկավարժների ժպտացող ու շողշողացող դեմքերով։ Իսկ հետո՞, հետո է՛ն, որ դպրոցից տուն չէի ուզում գնալ, հետո է՛ն, որ որդուս հետ ոգևորված տեղափոխվում էի ռոդարիական, բիսեթական, էքզյուպերիական աշխարհներ, հետո՝ ազգային ծեսերը, մեդիաուրբաթները, հետո՝ մեր աննման ծնողական սեմինարները՝ բաց, ազատ, անկաշկանդ քննարկումներով, պոեզիայով, ազգային երգ ու պարով, սուրճով, քաղցրավենիքով, դասական երաժշտությամբ ու մոմերի լույսի ներքո։ Ու էդպես,տարիներ շարունակ, մեր՝ հաջորդող մյուս նվիրված ու ստեղծական ուսուցիչների հանձնարարությունների շնորհիվ՝ ինձ համար սովորական դարձան երեկոյան ընթրիքի հետ միասին տիկնիկ պատրաստելը, խոհանոցը մաքրելուն զուգահեռ՝ բնագիտական փորձ տեսագրելը, հանգստյան օրերին՝ թումանյանական հեքիաթ բեմադրելը կամ բանջարեղենի խանութում ու այգում տեսանյութեր ստեղծելը։ Հավելեմ, որ այս գործում ինձ օգնել են նաև մեր սեբասատացի ընտանիքի մյուս անդամները՝ հայրիկը, քեռին, տատիկը, պապիկը։ Հավես է, չէ՞, դե ասե՛ք, էլ որտե՞ղ կա նման բան։

Երբ հերթը հասավ  դստերս՝ Նռանեին, արդեն պարզ էր, որ այլընտրանք չկար։ Նա էլ պիտի 2018 թ․-ին հաճախեր սիրելի դարձած Կրթահամալիրի այս անգամ արդեն Արևմտյան դպրոց-պարտեզի նախ՝ մեր շատ ջանասեր ու հոգատար ուսուցիչ Լիլիթ Մովսիսյանի 5 տարեկանների դասարան և ապա՝ այս տարվա սեպտեմբերից՝ մեր շատ սիրելի ու հիանալի  դասվար Լուսինե Փաշայանի 1-ին դասարան։ Նռանեի դպրոցական օրերը,լավագույն ավանդույթներով, զվարճանք են ու հաճույք, գիտելիքի, հմտությունների իմաստավորված ձեռքբերում, սպորտային, բակային խաղեր ու ընկերների հետ շփում, ճամփորդություններ ու ծեսեր։ Իզուր չէ, որ Կրթահամալիրի կրտսեր դպրոցների ծրագիրը կոչվում է «Իմացումի հրճվանք»։

Նռանեի՝ Կրթահամալիր մուտքից շահեց նաև 3-ամյա Արենս՝ կրտսեր որդիս, որը ևս, արդեն 2 տարի է, ինչ սեբաստացի է և Արևիկ Ուզունյանի սանն է Արևմտյան դպրոցի նախակրթարանում։ Արենի գրանցած առաջընթացն ակնհայտ է թե՛ ֆիզիկական և թե՛ մտավոր աճի ու խոսքի զարգացման առումով, ինչը սիրելի դաստիարակների հոգատարության, ամենօրյա աշխատանքի և կրթահամալիրի՝ ազատությունը, բնության հետ շփումը, մարզական, բնագիտական խաղերը, ինքնուրույնությունը խթանող մեթոդի բնական և սպասելի արդյունքն է։

 Ինձ նաև բախտ է վիճակվել 3 տարի շարունակ լինել Կրթահամալիրի Կառավարման խորհրդի անդամ, անձամբ ներկա լինել տարբեր քննարկումների, ծանոթանալ ու շփվել Խորհրդի պատվարժան մյուս անդամների հետ և ներսից ուսումնասիրել կազմակերպական ու մանկավարժական շատ հարցեր։

 Ամփոփելով նշեմ, որ աննկարագրելի վայելք է տեսնել, թե ինչ հաճույքով են երեխաներդ հաճախում, որքան գիտելիք ու հմտություններ են ստանում, ինչպես է այդ բաց, ստեղծական ու անկաշկանդ միջավայրը ազդում նրանց անհատականության ձևավորման վրա, որքան ճաշակ, արվեստ, սեր ու նվիրվածություն կա Կրթահամալիրի ներսում։ Առավել ուրախալի է, որ ես հնարավորություն ունեմ այդ ամենին մասնակցելու, նրանց հետ կրթվելու, ուրախանալու, պարելու՝ վայելելու։ Դե՛, ասե՛ք, մի՞թե հրաշալի չէ սեբաստացի լինելը։

— Բարև՛։ Ես Նուշիկ Սմբատյանն եմ՝ երեք հրաշք սեբաստացիների մայրիկ ու երջանիկ եմ, որ սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։

 

 

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s