Արեն, Նռանե և Տարոն Անտոնյանների ընտանեկան պարտեզի մայրիկ՝ Նուշիկ Սմբատյան

74367254_2298051640324419_3743126189590446080_n (1)

Հայաստանում, ինչպես և շատ այլ երկրներում, պատրաստ չէին այսպիսի երկարատև արտակարգ իրավիճակի, իսկ ստեղծված իրավիճակը հրատապ լուծում էր պահանջում հատկապես կրթության ոլորտում։ Եվ հանկարծ բոլորը հիշեցին հեռավար ուսուցման հնարավորության մասին։ Միանգամից գործի դրվեցին բոլոր հնարավոր գործիքներն ու հարթակները բոլոր տարիքի սովորողների շարունակակական կրթությունն ապահովելու համար։ Այո՛, բոլոր տարիքի՝ բացառությամբ նախադպրոցական տարիքի սովորողների։ Վստահ եմ՝ շատ գիտակից ծնողներ նախադպրոցական հաստատություններ կամ նախակրթարաններ են տանում իրենց բալիկներին ոչ միայն իրենց աշխատանքային ժամերին նրանց խնամքն ապահովելու, այլև բնական, կենդանի, գունեղ միջավայրում իրենց տարեկիցների, հոգատար ու բանիմաց մանկավարժների հետ շփվելով՝ զարգանալու, աճելու, հմտություններ ու կարողություններ զարգացնելու, կրթվելու համար։ Եվ ուրեմն՝ ստացվեց, որ 2-5 տարեկանները ակամայից զրկվեցին իրենց այդ բոլոր իրավունքներից։

Մեր սիրելի կրթահամալիրն այս անգամ էլ առանձնացավ իր լուծումների արագությամբ ու արդյունավետությամբ, իսկ տեխնիկական հմտությունները, էլեկտրոնային ուսումնական նյութերի մեծ բազան, դաստիարակների բլոգների առկայությունը, նրանց հետ անմիջական, ջերմ, մարդկային փոխհարաբերությունները նպաստեցին, որ նաև 2-5 տարեկանների նախադպրոցական հեռավար ուսուցումը տեղի ունենա թեկուզ արտակարգ պայմաններում։ Կարանտինային բազմազբաղ առօրյան և կենցաղը երեք տարբեր տարիքի ու նախասիրության երեխայի համար ճիշտ ու արդյունավետ կազմակերպելն այդքան էլ հեշտ գործ չէ։ Հատկապես բարդ է, երբ «մեծ» երեխաների տեսադասերի ու առաջադրանքների կանոնավոր գրաֆիկի մեջ փորձում ես 3,5 ամյա Արենին էլ ժամանակ հատկացնել, մտածել, թե ինչով և ինչպես ապահովել փոքրիկի կրթությունը ու հասցնել ամեն ինչ։ Չեմ զարմանում եմ, երբ մարդիկ ասում են՝ էլ չգիտենք՝ ինչպես զբաղեցնել երեխաներին։ Երբ միտքդ լարված է, կենցաղդ՝ հագեցած, հեշտ չէ ազատ եւ ստեղծագործաբար մոտենալ այդ հարցին։ Մեր դաստիարակներն ազատեցին մեզ այդ հոգսից և ամեն շաբաթ առաջարկում են մեկը մեկից հետաքրքիր ու բազմազան ընտանեկան նախագծեր, որոնք յուրաքանչյուր օրվա համար տարբեր են՝ ստեղծագործական, երաժշտական ու տեխնոլոգիական։

Հեռավար ուսուցումը եկավ՝ փոխարինելու փոքրերի պարտեզային գունեղ առօրյային, ամենօրյա երգ ու պարին, տարբեր զարգացնող ձեռքի աշխատանքներին։ Միասին իրականացրեցինք մի քանի տեխնոլոգիական նախագիծ՝ Զատկական ճուտիկ և ասիկներ, Մակարոնե ծաղիկներ Արենից,  մի շատ հավես ընտանեկան հետաքրքիր նախագիծ՝ Ազգային մատնախաղեր ու ծափախաղ ու երգ, որի ընթացքում ես էլ սովորեցի նոր ազգային խաղեր, ու բոլորով շատ զվարճացանք։ Ապակյա բաժակներով այլընտրանքային, երաժշտական նախագիծը նույնպես Արենին շատ դուր եկավ՝ Նռանեի ու Արենի ապակյա նվագարանը,  իսկ Ա՜խ, գարուն է  երգը այնպես երգեցին, որ գարունը ներս լցվեց տուն։ Այս տարվա ապրիլի 7-ն առանձնահատուկ լավն էր, քանի որ Արենը անհատական ցուցահանդես ունեցավ Մայրիկատոնի  առթիվ և փոքրիկ տոն նվիրեց ինձ։ Այս արտակարգ հեռավար ուսուցումը մեզ հիշեցրեց նաև, որ երեխան անընդհատ է սովորում, որ ուսումնական կարող ենք դարձնել նույնիսկ կենցաղը, որ թողնենք՝ Օգնական Արենը  սովորի գնահատել մաքրությունը իր սեփական փորձառությամբ, որ սովորական ալյուրը կարող է ստեղծագործելու ու խաղի միջոց դառնալ՝  Ալրանկարչություն-ալրախաղ։ ։ Այն մեզ սովորեցրեց, որ եթե ժամանակ չունենք, 7-ամյա քույրիկն էլ կարող է հեքիաթ ընթերցել փոքրիկի համար՝ Հեքիաթասաց ընտանիք, Ուլիկը։

Իհարկե, գերհագեցած առօրյան և տեսանյութերի պատրաստման ու մոնտաժի հմտությունների պակասը շատ ժամանակ են պահանջում և թույլ չեն տալիս, որ ավելի շատ օգտվենք առաջարկվող հետաքրքիր նյութերից ու ավելի ակտիվորեն մասնակցենք, բայց երբ հետ հայացք եմ նետում ու նայում ստեղծված արխիվին, հասկանում եմ, որ մեծ մասամբ հաջողվել է, և այս երկու ամսվա ընթացքում կարողացել ենք ապահովել փոքրիկի կրթությունը, աճն ու զարգացումը։ Դա նկատում են նույնիսկ հարազատները, երբ դիտում են մեր տեսանյութերը և ուրախանում Արենի գրանցած փոքրիկ հաջողություններով։ Միակ լուրջ խնդիրը հասակակից ընկերների հետ շփման ու բացօթյա զբոսանքների պակասն է, որը հուսով ենք լրացնել շատ մոտ ապագայում։

Հիմա, ավելի քան երբևէ, հասկանում ենք, թե ինչ արտակարգ, կարևոր գործ են անում մեր դաստիարակները, ու թե որքան դժվար է այդ տարիքում երեխայի ամենօրյա խնամքը համատեղել մտավոր և ֆիզիկական զարգացմանը նպաստող գործունեության հետ։ Հիմա, երբ ամեն օր ու անընդհատ միասին ենք, վերագնահատում ենք այդ ամենն ու ավելի մեծ շնորհակալությամբ լցվում մեր երեխաների զարգացմամբ զբաղվող, նրանց համար հոգատարության ու սիրո միջավայր ապահովող սիրելի մարդկանց ու կրթահամալիրի հանդեպ։

Մեր 3,5 տարեկան Արենը գոհ է իր արտակարգ հեռավար կրթությունից։

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s